Նախաբան
Խելացի կշեռքը (այսուհետ՝ սարք) էլեկտրոնային սարք է, որը հնարավորություն է տալիս կատարել հեռավար կշռումներ՝ ըստ պահանջի (ցպահանջ) կամ ավտոմատ ռեժիմով:

Կապի միջոցները.
Տվյալները կարող եք ստանալ GSM կամ ինտերնետ կապի միջոցով: Սարքը հագեցած է Wi-Fi և GSM մոդուլներով, որոնք թույլ են տալիս երկկողմանի տվյալների փոխանակում կատարել սարքի և օգտատիրոջ միջև:

Տեխնիկական տվյալներ.
Առավելագույն քաշ. մինչև 300 կգ:
Ճշգրտություն. 5 գրամ (ոչ քամոտ եղանակին):
Պաշտպանություն. Սարքն ունի հատուկ մկնապաշտպան պատյան:
Սնուցում. 2 հատ լիթիումային 18650 տիպի մարտկոց (յուրաքանչյուրը՝ 3000 մԱ/ժ տարողությամբ):
Լիցքավորում. Համալրված է արևային լիցքավորիչով և արտաքին ջերմաստիճանային տվիչով (սենսոր):

Կառավարում.
Որպես հեռակառավարման վահանակ ծառայում է Ձեր բջջային հեռախոսը՝ 1. Հաղորդագրությունների բաժինը (SMS Inbox): 2. Telegram հավելվածը: 3. «Մեղու ԱՄ»-ի կողմից ստեղծված GSM_Scale հավելվածը:
Սարքի լուսատախտակ և կոճակներ
Սարքի աջ կողմում առկա է հոսանքի սնուցման միացման-անջատման 1 կոճակ, 3 գործող կոճակներ (Լույսի կոճակ, Zero և T(Tare)) և 1 երկտողանի լուսատախտակ (դիսպլեյ)։

Սարքի սնուցումը միանում է կողքի կոճակով։ T կոճակը նույնպես նախատեսված է սնուցումը միացնելու համար (հարկադիր միացում)։

Մարտկոցի և լարման կարգավորումներ.
Սարքի մարտկոցը 100% լիցքավորման դեպքում ունի 4.2Վ լարում, իսկ լիցքաթափված վիճակում՝ 2.5Վ։ Լիցքաթափված վիճակում երկար մնալը կարող է կարճեցնել մարտկոցի կյանքը։ Դրանից խուսափելու համար «Մեղու ԱՄ»-ը սարքը հագեցրել է հեղինակային պաշտպանիչ անջատման սխեմայով. այն ավտոմատ անջատվում է 3Վ լարման տակ և միանում 3.8Վ-ի դեպքում։

Եթե սարքը լիցքավորում չստանա, այն լիցքաթափվելով կհասնի 3Վ-ի և ավտոմատ կանջատվի։ Եթե արևային լիցքավորիչը միացված է, ապա լիցքավորվելով 3.8Վ-ի հասնելուն պես սարքն ավտոմատ կմիանա։

Ուշադրություն. Եթե սարքն անջատվել է կողքի կոճակով և լարումն այդ պահին 3-3.8Վ սահմաններում է, այն չի միանա։ Դրա համար անհրաժեշտ է կատարել հետևյալ 2 քայլը.
1. Միացնել սարքի սնուցումը կողքի կոճակով:
2. Սեղմել և բաց թողնել T կոճակը։

Լույսի կոճակի ֆունկցիաները.
1. 8 վայրկյանից ավել սեղմած պահել՝ փոխում է աշխատանքային ռեժիմը Telegram-ից GSM:
2. 5-7 վայրկյան սեղմած պահել՝ փոխում է աշխատանքային ռեժիմը GSM-ից Telegram:
3. 1 կարճ սեղմում՝ միացնում կամ անջատում է լուսատախտակի լույսը։

Լուսատախտակի ինֆորմացիան.
GSM ռեժիմում. 1-ին տողում երևում է քաշը և ջերմաստիճանը։ 2-րդ տողում (1 րոպե աշխատելուց հետո)՝ ճշգրիտ ժամանակը և GSM ազդանշանի հզորությունը (dB):
Telegram ռեժիմում. 1-ին տողում երևում է քաշը և ջերմաստիճանը։ 2-րդ տողում (1 րոպե աշխատելուց հետո)՝ ճշգրիտ ժամանակը և Wi-Fi ազդանշանի հզորությունը (dB):

Կապի հաստատում և կարգավորումներ.
4. 2 անգամ արագ սեղմում՝ միացնում է ինտերնետ կապը։ Եթե կապը կարգավորված չէ, սարքն ստեղծում է միացման կետ (Access Point) և էկրանին տպում SOFT 192.168.4.1: Ձեր սմարթֆոնով միացեք «mexu» ցանցին (գաղտնաբառ՝ 12345678), որտեղ կարող եք կատարել Wi-Fi-ի կարգավորումներ, սարքի կալիբրացիա և թարմացում։
5. Միացված ինտերնետի դեպքում 2 արագ սեղմում՝ անջատում է Wi-Fi կապը։

ZERO կոճակի ֆունկցիաները.
• Կարճ սեղմում՝ կատարվում է տարայացում (զրոյացում), ընթացիկ քաշը դառնում է 0։
• 2-4 վայրկյան սեղմում՝ սարքը ցույց է տալիս կշեռքի վրա եղած փաստացի (իրական) քաշը։
• 7 վայրկյան և ավել սեղմած պահել՝ սարքն անցնում է պասիվ ռեժիմի (անկախ լարումից և ժամից՝ կմիանա միայն ժամը 1 անգամ)։

Պասիվ ռեժիմից դուրս գալու տարբերակներ.
4.1 Անջատել-միացնել սարքի հոսանքը, և երբ էկրանին թվերը երևան, 4-7 վայրկյան (բայց ոչ ավել) սեղմած պահել ZERO կոճակը։
4.2 Եթե Telegram ռեժիմում է՝ ուղարկել «miqni» բառը, ապա անջատել-միացնել սարքը։ Telegram-ը կպատասխանի՝ «Քնի ռեժիմն անջատված է»։
4.3 Եթե GSM ռեժիմում է՝ զանգահարել սարքին և զանգը պահել մոտ 10 վայրկյան։

Էներգախնայողության համար լուսատախտակի լույսն ավտոմատ անջատվում է 2 րոպե անց։
Սարքի Աշխատանքի տրամաբանությունը
Սարքն ունի ակտիվ և պասիվ աշխատանքային ժամեր։

Ակտիվ աշխատանքային ժամեր (10:00 - 19:00).
Այս ռեժիմն աշխատում է, եթե սարքի լարումը 3.7Վ-ից բարձր է։ Այս ընթացքում սարքը կատարում է քաշի և ջերմաստիճանի չափումներ յուրաքանչյուր 20 վայրկյանը մեկ։ Էներգախնայողության համար Telegram ռեժիմում ինտերնետը և GSM կապն անջատված են մնում։

Պասիվ աշխատանքային ժամեր.
Սարքն աշխատում է ժամը մեկ՝ ընդամենը 1 րոպե տևողությամբ։ Այն միանում է 00-ով վերջացող րոպեներին (օրինակ՝ 20:00, 21:00 և այլն), չափում է տվյալները, գրանցում իր ներքին հիշողությունում և նորից «քնում» մինչև հաջորդ ժամը։

Telegram ռեժիմի առանձնահատկությունները.
Ակտիվ ժամերին ինտերնետ կապն ավտոմատ միանում է 10 րոպեն մեկ անգամ՝ 1 րոպե տևողությամբ (օրինակ՝ 13:05, 13:15, 13:25 և այլն)։ Սարքն ստուգում է Telegram-ի հարցումները, պատասխանում դրանց և նորից անջատում կապը։

Ավտոմատ միացում կրիտիկական դեպքերում.
Սարքը կարող է ինտերնետն ավտոմատ միացնել ցանկացած պահի, եթե.
1. Տեղի է ունենում կշեռքի հավասարում:
2. Տեղի է ունենում քաշի նվազում 5 րոպեում 800 գրամ և ավել (ձագի ահազանգ):
3. Տեղի է ունենում քաշի ակնթարթային նվազում 10 կգ-ից ավել (փեթակի գողության/բացակայության ահազանգ):
Այս դեպքերում սարքն անմիջապես հաղորդագրություն է ուղարկում Telegram-ին ու հավելվածին, որից հետո նորից անջատում է կապը։

GSM ռեժիմի առանձնահատկությունները.
• GSM ռեժիմում սարքն ավտոմատ կերպով ինտերնետին չի միանում։ Այն կարող է միանալ միայն օգտատիրոջ հրահանգով՝ կառավարման վահանակից կամ SMS-ի միջոցով։
• Ակտիվ ժամերին սարքը ցանկացած պահի կարող է պատասխանել հարցմանը։
• Պասիվ ժամերին օգտատերը կարող է զանգի միջոցով «արթնացնել» սարքը։ Արթնանալուց 40 վայրկյան անց (բայց ոչ ուշ, քան 2 րոպեի ընթացքում) անհրաժեշտ է ուղարկել SMS և ստանալ պատասխանը։
Հրամաններ և ավտոմատ հաղորդագրություններ
Սարքի ծրագիրը թույլ է տալիս օգտատիրոջը կատարել տարբեր հարցումներ, որոնց սարքը պատասխանում է անմիջապես կամ 1-10 րոպեի ընթացքում: Կան նաև ավտոմատ հաղորդագրություններ, որոնք սարքն ուղարկում է կոնկրետ դեպքերում և ժամերին:

Քաշի հարցում (Berq).
Թե՛ Telegram, թե՛ GSM ռեժիմներում տվյալ պահի քաշի հարցում կատարելու համար անհրաժեշտ է ուղարկել լատինատառ berq բառը:

GSM ռեժիմի առանձնահատկությունները (iPhone և Android).
iPhone օգտատերերը SMS-ը պետք է ուղարկեն հեռախոսի հաղորդագրությունների բաժնից (Messages inbox) դեպի սարքի SIM քարտի համարին և պատասխանը սպասեն նույն տեղում (Apple-ի սահմանափակումների պատճառով):
Android օգտատերերը կարող են օգտվել GSM_Scale հավելվածից՝ պարզապես ընտրելով հրամանը ցանկից, առանց որևէ բան ձեռքով գրելու:

Telegram / Համացանց ռեժիմի պատասխանի տրամաբանությունը.
Քանի որ այս ռեժիմում սարքն ինտերնետին միանում է 10 րոպեն մեկ (ժամի 5-ով վերջացող րոպեներին՝ 05, 15, 25 և այլն), պատասխանի ժամանակը կախված է ձեր հարցման պահից:
Օրինակ 1. Եթե հարցումը կատարեք 16:36-ին, սարքը կմիանա 16:45-ին, և պատասխանը կստանաք 9 րոպե անց:
Օրինակ 2. Եթե հարցումը կատարեք 16:44-ին, պատասխանը կստանաք ընդամենը 1 րոպեից:

Հիշողության մեջ գրանցված տվյալների ընթերցում.
Եթե չեք օգտագործում հավելվածը, կարող եք կարդալ հիշողության տվյալները հետևյալ կերպ.
Ուղարկեք հաղորդագրություն tvyalԺԱՄ:ՐՈՊԵ ձևաչափով (օրինակ՝ tvyal12:00): Սարքը կուղարկի տվյալ օրվա ժամը 12:00-ի դրությամբ քաշը և ջերմաստիճանը:
Նշում. Սարքը պահում է միայն մեկ օրվա ամենժամյա տվյալները, որոնք ամեն օր 20:00-ին փոխանցում է օգտատիրոջը և մաքրում հիշողությունը:

Տեխնիկական հարցումներ (Hosanq).
Սարքի վիճակին ծանոթանալու համար կարող եք ուղարկել hosanq բառը և ստանալ մարտկոցի լարման տվյալը:
• GSM ռեժիմում սա հնարավոր է միայն հարցումով:
• Telegram ռեժիմում (Android հավելվածի դեպքում) մարտկոցի տոկոսը թարմանում է ավտոմատ:

Ավտոմատ ահազանգեր և ամփոփում.
Սարքն ակտիվ ժամերին անմիջապես ահազանգում է, եթե.
1. Տեղի է ունենում կշեռքի հավասարում:
2. Քաշի նվազում 5 րոպեում 800գ և ավել (Ձագի ահազանգ):
3. Քաշի ակնթարթային նվազում 10կգ և ավել (Փեթակի բացակայության ահազանգ):

Ամեն օր 20:00-ին սարքն ուղարկում է ամփոփիչ հաղորդագրություն (24 տող՝ ժամ, քաշ, ջերմաստիճան և օրվա ավելցուկ/պակասորդ):
Telegram-ի դեպքում այն գալիս է մեկ հաղորդագրությամբ:
GSM-ի դեպքում այն ուղարկվում է 3 SMS-ով:
Համացանց ռեժիմում բազան թարմանում է ամեն ժամ, և դուք կարող եք տեսնել ամբողջական պատկերը հավելվածում:
Սարքի նախապատրաստումը աշխատանքին
Սարքի նախնական կարգավորում և տեղադրում.
Կատարեք սարքի կարգավորումները տնային պայմաններում։ Ընտրեք աշխատանքային ռեժիմը.
GSM ռեժիմ. Տեղադրեք SIM քարտը համապատասխան բնիկում:
Telegram / Համացանց ռեժիմ. Կարգավորեք Wi-Fi կապը՝ մուտքագրելով ձեր ցանցի գաղտնաբառը:

Կշեռքի տեղադրումը.
1. Կշեռքը (առանց փեթակի) տեղադրեք հարթ և ամուր հարթակի վրա։ Ցանկալի է հարթակը բերել հորիզոնական վիճակի։
2. Կշեռքի բոլոր ոտնակները ձգեք մինչև վերջ։ Եթե սարքը կայուն չէ («կաղում է»), փոքր-ինչ թուլացրեք համապատասխան կողմի ոտնակը՝ այն հավասարեցնելու համար։

Փեթակի տեղադրումը կշեռքի վրա.
Փեթակը կշեռքի վրա տեղադրեք հետևյալ տրամաբանությամբ.
50x50 չափսի փեթակ. Սարքի կառավարման վահանակը պետք է լինի աջ կամ ձախ կողմերում։
10 շրջանակնոց (40x50) փեթակ. Կառավարման վահանակը կարող է լինել նաև փեթակի հետնամասում։
Կարևոր է. Փեթակը բաշխեք հավասարաչափ՝ բոլոր կողմերից պահելով հավասար հեռավորություն կշեռքի եզրերից։

Վերջնական քայլեր.
3. Միացրեք սարքի սնուցումը:
4. Միացրեք արևային վահանակը՝ մարտկոցի լիցքավորումն ապահովելու համար:
5. Սարքը ծածկեք տրամադրված հատուկ պաշտպանիչ պատյանով:
6. Ջերմաստիճանի տվիչ. Գերճշգրիտ տվյալներ ստանալու համար տվիչի գլխիկն ամրացրեք փեթակի հետնամասի ամենահով և ստվերոտ հատվածում։
Սարքի ԳՍՄ կարգավորումները
GSM ռեժիմի կարգավորման քայլերը.

1. SIM քարտի տեղադրում. Տեղադրեք SIM քարտը սարքի մեջ համապատասխան բնիկում:

2. Ռեժիմի միացում. GSM ռեժիմն ակտիվացնելու համար 10 վայրկյան սեղմած պահեք Լույսի կոճակը: Սարքն ավտոմատ կանջատվի և կվերամիանա արդեն GSM ռեժիմով:

3. Հեռախոսահամարների գրանցում. Սարքի հիշողության մեջ կարող եք ավելացնել մինչև 10 հեռախոսահամար, որոնց հարցումներին սարքն իրավունք կունենա պատասխանել:
Համարի ավելացում. Ուղարկեք SMS հաղորդագրություն հետևյալ ձևաչափով՝ ADD374XXXXXXXX (օրինակ՝ ADD37493425989):
• Առաջին համարն ավելացնելուց հետո կստանաք պատասխան SMS՝ «Առաջին համարն ավելացված է»: Ցանկալի է, որ առաջինը լինի հենց Ձեր հիմնական հեռախոսահամարը:

4. Ավտոմատ ծանուցումների համարի կարգավորում.
Եթե սարքի հիշողության մեջ կան մի քանի թույլատրելի համարներ, ապա քաշի հարցման պատասխանը գնում է միայն հարցում կատարողին: Սակայն ավտոմատ ահազանգերը և SMS-ները ստանալու համար պետք է սահմանել հիմնական համարը հետևյալ հրամանով՝
myphone374XXXXXXXX (օրինակ՝ myphone37493425989):

Այս քայլերն ավարտելուց հետո սարքն ամբողջությամբ պատրաստ է աշխատելու GSM ռեժիմում:
Խստիվ Արգելվում է
1. Կողմնակի միացումներ. Սարքի արտաքին որևէ բնիկին միացնել այնպիսի հարմարանքներ, որոնք նախատեսված չեն արտադրողի կողմից:

2. Ինքնակամ բացում. Բացել սարքի կորպուսը որևէ այլ նպատակով, բացի SIM քարտի տեղադրումից:

3. Անպաշտպան շահագործում. Սարքի կառավարման վահանակը թողնել առանց պաշտպանիչ պատյանի (բացօթյա պայմաններում):

4. Թիթեղի հեռացում. Կշեռքի մակերեսից հանել պաշտպանիչ թիթեղը կամ փեթակը տեղադրել անմիջապես սարքի վրա՝ առանց այդ թիթեղի:

5. Գերբեռնվածություն. Կշեռքի վրա դնել 300 կգ-ից ավել բեռ:

6. Մեխանիկական հարվածներ. Թռնել կշեռքի մակերեսի վրա կամ կտրուկ հարվածներ հասցնել դրան:

7. Տեղափոխում. Մեղուների տեղափոխման ժամանակ փեթակը թողնել կշեռքի վրա: Տրանսպորտային ցնցումները կարող են վնասել գերճշգրիտ տվիչները:

* Վերոնշյալ կանոնները խախտելու դեպքում սարքը կհանվի երաշխիքային սպասարկումից:
Օգտակար Խորհուրդներ
1. Նպատակային օգտագործում. Սարքի երկարատև աշխատանքն ապահովելու համար խորհուրդ է տրվում այն օգտագործել միայն ըստ նպատակային նշանակության՝ ակտիվ մեղվապահական սեզոնի ընթացքում խելացի կշռումներ կատարելու համար:

2. Արևային վահանակի խնամք. Պարբերաբար սրբեք արևային վահանակի մակերեսը փոշուց կամ մեղվի կղանքից (աղտոտվածությունից)։ Մաքուր մակերեսն էականորեն կնպաստի մարտկոցի կայուն և արդյունավետ լիցքավորմանը:

3. Պահպանումը ոչ ակտիվ սեզոնին.
• Մեղվապահական սեզոնի ավարտից հետո սարքը պահեք չոր և ապահով տեղում՝ անջատելով սնուցումը կողային կոճակով:
• Ձմեռային ամիսներին երբեմն միացրեք սարքը և ստուգեք մարտկոցի լիցքը: Եթե լարումը նորմայից ցածր է, լիցքավորեք այն 220Վ ցանցից՝ օգտագործելով միայն սարքի գործարանային լիցքավորիչը:
Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ
1․ Հարց․ Սարքը չի պատասխանում հարղդագրությանը
Ի՞նչ անել, եթե սարքը չի պատասխանում հարցումներին.

Եթե սարքը չի պատասխանել SMS հաղորդագրությանը, ապա կատարեք հետևյալ քայլերը.

1.1 Ստուգեք ժամը.
Նայեք ժամացույցին. եթե ժամը 10:00-ից 19:00 միջակայքում չէ, ապա սարքը գտնվում է պասիվ ռեժիմում, և պատասխան չուղարկելը նորմալ է:

1.2 GSM ռեժիմի խնդիրներ.
Եթե ժամը 10:00-19:00-ն է, կապն առկա է, բայց պատասխան չեք ստանում, հավանական պատճառը մարտկոցի լարման անկումն է 3.7Վ-ից ցածր: Այդ դեպքում սարքը «քնում է»:
Լուծում. Եթե Ձեզ անհրաժեշտ է հրատապ պատասխան ստանալ, զանգահարեք սարքի համարին, մեկ զանգից հետո անջատեք, սպասեք 30-40 վայրկյան և անմիջապես կատարեք SMS հարցումը:

1.3 Telegram ռեժիմի խնդիրներ.
Եթե սարքը Telegram-ով չի պատասխանում, նախ ստուգեք 1.1 կետը (աշխատանքային ժամերը):

1.4 Պատասխանի սպասման ժամանակը.
Ակտիվ ժամերին (10:00-19:00) Telegram-ով պատասխանը կգա ժամի 5-ով վերջացող րոպեներին (օրինակ՝ 14:05, 14:15 և այլն):
Պասիվ ժամերին կամ մարտկոցի ցածր լարման դեպքում պատասխանը կգա միայն ժամը մեկ՝ 00-ով վերջացող րոպեներին (օրինակ՝ 20:00, 21:00):
2․ Հարց - Որքան ժամանակ են իմ տվյալները պահպանվելու իմ Գուգլի բազայում
Ձեր տվյալները պահպանվում են անժամկետ՝ հետևյալ տրամաբանությամբ.

2.1 Ամենժամյա տվյալներ.
Այս տվյալները պահպանվում են 1 տարի որպես ակտիվ տվյալներ: Այսինքն՝ Դուք ցանկացած պահի կարող եք հարցում կատարել հավելվածից և տեսնել դրանք:

2.2 Արխիվացում.
1 տարին լրանալուց հետո ամենժամյա տվյալները ավտոմատ արխիվացվում են Ձեր Google Sheets-ի համապատասխան թերթում (GSM կամ Telegram): Արխիվացումից հետո հավելվածն այլևս չի կարող արտածել (ցուցադրել) այդ տվյալները, սակայն Դուք կարող եք դրանք տեսնել՝ օգտագործելով Google Sheets հավելվածը:

Ուշադրություն. Արխիվացումը վերաբերում է միայն օրական ամենժամյա մանրամասն տվյալներին:

2.3 Օրական ամփոփիչ տվյալներ.
Ի տարբերություն ամենժամյա տվյալների, օրական ամփոփիչ տվյալները երբեք չեն արխիվացվում: Դուք միշտ կարողանալու եք դրանք տեսնել հավելվածում՝ պարզապես մուտքագրելով համապատասխան օրվա ամսաթիվը:
3. Հարց - Ինչու՞ կշեռքի քաշը փոփոխելուց, այն տեսնում եմ ոչ թե անմիջապես, այլ ուշացումով
3. Չափման հաճախականությունը և նշանակությունը.

Կշեռքն իր սենսորի միջոցով չափումը կատարում է 20 վայրկյանը մեկ: Կարևոր է հիշել, որ սա ոչ թե արդյունաբերական, այլ մասնագիտացված մեղվապահական կշեռք է (նախատեսված է դինամիկ փոփոխությունները հասկանալու, այլ ոչ թե լաբորատոր ճշգրտությամբ ակնթարթային կշռումների համար):
4․ Ի՞նչ կլինի, եթե կշեռքի հոսանքը անջատեմ անջատիչով կամ ի՞նչ կլինի եթե մարտկոցը նստի, արդյո՞ք կշեռքի վրա եղած քաշը հետո սխալ ցույց կտա
Սարքի հոսանքազրկման պատճառով ոչ մի տվյալ չի կորչում։ Սնուցումը միացնելուն պես Դուք կտեսնեք այն փաստացի քաշը, որը տվյալ պահին առկա է կշեռքի վրա։

Ինքնուրույն ստուգման փորձ.
1. Հիշեք կշեռքի վրա եղած ընթացիկ քաշը։
2. Անջատեք սարքը կողային կոճակով։
3. Սարքն անջատված վիճակում կշեռքի վրա ավելացրեք որևէ բեռ, որի քաշը Ձեզ նախապես հայտնի է։
4. Միացրեք սարքը։

Սարքը ցույց կտա փաստացի քաշը. այսինքն՝ այն քաշը, որը կար մինչև անջատելը, գումարած անջատված ժամանակ Ձեր ավելացրած նոր բեռի քաշը։ Սա նշանակում է, որ սարքը միշտ «հիշում է» իր նախնական զրոյական վիճակը (կալիբրացիան)։
5․ Հարց - Կշռափեթակիս քաշը 55,412 է։ Ես ուզում եմ այլ փոքր բան կշռել, բայց չեմ ուզում գումարում հանում անեմ, ի՞նչ անեմ
Եթե ցանկանում եք կշռել որևէ առարկա առանց հիմնական քաշը հաշվի առնելու, կատարեք հետևյալը.

1. Մոտեցեք սարքի կառավարման վահանակին:
2. Կարճ սեղմեք ZERO կոճակը. մի քանի վայրկյան անց էկրանին քաշը կզրոյանա:
3. Տեղադրեք առարկան կշեռքի վրա և տեսեք դրա քաշը:
4. Կշռումն ավարտելուց հետո 2-4 վայրկյան սեղմած պահեք ZERO կոճակը. սարքը կվերադառնա նախկին վիճակին և նորից ցույց կտա կշեռքի վրա եղած ամբողջական փաստացի քաշը:
6․ Հարց- Եթե ես ԳՍՄ կապով եմ աշխատում կշեռքի հետ, ինչպես կարող եմ կշեռքը կալիբրացիա անել
Հիմնականում կալիբրացիայի կարիք չկա, բայց եթե անհրաժեշտ է ճշգրտել քաշը, ապա պետք է անխափան կապ ստեղծեք սմարթֆոնի և սարքի միջև Wi-Fi-ի միջոցով (նույնիսկ առանց ինտերնետի):

Կապի հաստատում.
1. 2 անգամ շատ կարճ դադարով սեղմեք Լույսի կոճակը և սպասեք 1-30 վայրկյան:
2. Եթե շրջակայքում հայտնի Wi-Fi ցանց չկա, սարքն ինքնուրույն կստեղծի միացման կետ: Լուսատախտակին կհայտնվի SOFT 192.168.4.1 գրությունը:
3. Ձեր սմարթֆոնի Wi-Fi բաժնում միացեք mexu ցանցին (գաղտնաբառ՝ 12345678):
4. Միանալուց հետո բացեք բրաուզերը և սեղմեք այս հղմանը՝ http://192.168.4.1/calibr:

Կալիբրացիայի ընթացքը.
• Կանգնեք սարքին հնարավորինս մոտ, որպեսզի կապը չընդհատվի:
• Դատարկ կշեռքի վրա դրեք մի բեռ, որի ճշգրիտ քաշը գիտեք:
• Բացված էջում + և - կոճակների միջոցով էկրանի թիվը հավասարեցրեք բեռի իրական քաշին:
• Ավարտելուց հետո սեղմեք «Փակել» կոճակը:

Ավարտ.
Wi-Fi կապն անջատելու համար կրկին 2 անգամ արագ սեղմեք Լույսի կոճակը կամ պարզապես անջատեք և նորից միացրեք սարքի հոսանքը:
7․ Հարց- Ինչպե՞ս կարող եմ կարգավորեմ վայֆայը, որպեսզի միանամ ինտերնետին՝ տելեգրամով աշխատելու համար
Եթե ցանկանում եք սարքը GSM-ից փոխարինել Telegram ռեժիմի, կատարեք հետևյալ քայլերը.

1. Ռեժիմի փոփոխություն. Մոտեցեք սարքին և 5-7 վայրկյան սեղմած պահեք Լույսի կոճակը: Սարքն ավտոմատ կանջատվի և կվերամիանա Telegram ռեժիմով:

2. Կապի հաստատում (Access Point). Եթե Wi-Fi-ի կարգավորումները նախկինում արված չեն, ապա 30 վայրկյան անց լուսատախտակի վրա կհայտնվի SOFT 192.168.4.1 գրությունը:

3. Միացում սարքին. Ձեր հեռախոսի Wi-Fi ցանկում գտեք և միացեք mexu անունով ցանցին (գաղտնաբառ՝ 12345678):

4. Wi-Fi-ի տվյալների մուտքագրում. Սեղմեք այս հղման վրա՝ http://192.168.4.1/wifi: Բացված էջում լրացրեք Ձեր տնային կամ տարածքի Wi-Fi ռոութերի անունը (SSID) և գաղտնաբառը, ապա սեղմեք SAVE:

5. Ավարտ. Սարքն ավտոմատ կվերամիանա: Եթե ռոութերը գտնվում է 50-200 մետր հեռավորության վրա (կախված տարածքի բաց լինելուց), սարքը կմիանա ինտերնետին, և Ձեր Telegram-ին կգա հաղորդագրություն՝ «Սարքը միացավ»:
8․ Հարց - Ինչու՞ եմ ստանում տեղեկություն, որ բերքը 50 կգ է, միթե՞ հնարավոր է նման բան
Կշեռքի տվյալների համեմատությունը, ավելցուկի կամ պակասորդի հաշվարկը և հավասարումը կատարվում են **նախորդ օրվա ժամը 20:00-ի** տվյալների հետ համեմատած։

Օրինակ.
Եթե Դուք նոր եք ձեռք բերել կշեռքը և փեթակը վրան եք տեղադրել երեկոյան ժամը 21:00-ին (օրինակ՝ 50 կգ քաշով), ապա հաջորդ օրը երեկոյան սարքը ցույց կտա մոտ 50 կգ ավելցուկ։

Ինչո՞ւ է այդպես.
Քանի որ նախորդ օրվա ժամը 20:00-ի դրությամբ կշեռքի վրա բեռ չի եղել (քաշը եղել է 0 կգ), սարքը ներկա 50 կգ-ը համարում է որպես նոր ավելացած քաշ։

Եզրակացություն.
Բերքի ճշգրիտ համեմատական տվյալները կսկսեք ստանալ այն ժամանակ, երբ փեթակն արդեն առնվազն մեկ անգամ «դիմավորած» կլինի ժամը 20:00-ն կշեռքի վրա։